«ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԺԱՆԻՔԸ»
1911 թ. Ա. Մյասնիկյանը գերազանցությամբ ավարտում է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի տնտեսագիտության բաժինը և անմիջապես կանչվում է պարտադիր զինվորական ծառայության: Նա իր զինվորական ծառայությունն անցկացնում է Մոսկվայի կայազորի զորքերի կազմում: Այստեղ նա ձեռք է բերում ռազմական հմտություններ և զորացրվում պահեստի ենթասպայի կոչումով:
Մյասնիկյանը նորից բնակություն է հաստատում Մոսկվայում և մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը շարունակում է զբաղվել անլեգալ հեղափոխական աշխատանքով, դառնում Մոսկվայի բոլշևիկյան կազմակերպության երևելի անդամներից մեկը:
Այդ տարիներին Ա. Մյասնիկյանը զբաղվում է հայ հասարակական մտքի պատմության հարցերով, հանդես գալիս մի շարք հոդվածներով: 1910 թ. Մոսկվայում նա հայերեն հրապարակում է «Միքայել Նալբանդյան» ուսումնասիրությունը արդեն «Ալ. Մարտունի» գրական կեղծանունով:
Վիճարկելով Լեոի տեսակետը, որով Նալբանդյանը դիտվում էր առավելապես որպես բանաստեղծ, Ա. Մյասնիկյանը տարօրինակ թյուրիմացություն է համարում, որ նոր ժամանակների ռուսահայ ամենից առաջնակարգ գրական դեմքը`Միքայել Նալբանդյանը, հերքվում է որպես հրապարակախոս և միայն բանաստեղծ է հայտարարվում:
Ցավալի է, այնուհետև ընդգծում է Մյասնիկյանը, որ «Նալբանդյանին մեզ մոտ չգիտեն, իմացողներն էլ նրան չեն հասկանում, որ... հայ լիբերալների անվանաշարքում հիշատակվում է Նալբանդյանի անունը» (Ա. Մյասնիկյան, Ընտիր երկեր, Երևան, 1957, էջ 18):
Եվ Ա. Մյասնիկյանը խորությամբ վերլուծում և հանրությանն է ներկայացնում Միքայել Նալբանդյանին իր ամբողջ վեհությամբ, հայացքների կուռ շարադրմամբ: Բայց Մյասնիկյանը դրանով չի բավարարվում: Նա Նալբանդյանի հասարակական-քաղաքական հայացքները կապում է ժամանակի խնդիրների հետ և դրանով ընդգծում Նալբանդյանի հայացքների այժմեականությունը:
«Միքայել Նալբանդյանի պատմական արժանիքը,-գրել է Մյասնիկյանը,- այնքան մեծ է, որքան երկար է այն տարածությունը, որ բաժանում է մեզ Նալբանդյանի էպոխայից. այդ արժանիքն այնչափ բարձր է, որքան որ ներկայումս քառակուսի գլխի տեր մարդիկ շարունակում են որոճալ ագրարային սոցիալիզմը,իմաստալի` վաթսունական թվականներին և անհեթեթ` մեր օրերում»:
«Միքայել Նալբանդյանի նշանակությունը,-շարունակում է Մյասնիկյանը,- և խոշոր է. այն մեծ է այն աստիճան, որ Նալբանդյանն իր շրջանի գրողների շարքում մի եզակի դեմք է` շնորհիվ հայ ճղճիմ իրականության համար արժեքավոր նորություն ներկայացնող իր գաղափարների, մանավանդ շնորհիվ իր գաղափարների դրական տարրերի, որոնք մինչև այժմ էլ չեն կորցրել իրանց թարմությունը» (նույն տեղը, էջ 41-42):
Ասվածին ուզում եմ ավելացնել հետևյալը․ անցած տասնամյակներում երևան են եկել բազմաթիվ աշխատություններ նվիրված Միքայել Նալբանդյանի կյանքին ու գործին: Բայց դրանց մեջ Ա. Մյասնիկյանի աշխատությունն այսօր էլ չի կորցրել իր թարմությունը և անհրաժեշտ է նրա վերահրատարակումը, որտեղ այժմյան նոր սերունդը կարող է գտնել իր համար շատ հետաքրքիր հարցերի պատասխանը:
1912 թ. Բաքվում հրատարակված «Մեր ուղին» ժողովածուի մեջ տպագրվեց Ա. Մյասնիկյանի «Արդի տնտեսական կյանքը» աշխատությունը: Այստեղ Մյասնիկյանը հարուստ ու բազմատեսակ վիճակագրական նյութերի հիման վրա խորությամբ վերլուծում է Կովկասում կապիտալիստական հարաբերությունների առաջացման ու զարգացման հարցերը:
1913 թ. դեկտեմբերի 17-ին Մոսկվայի հանրահայտ Պոլիտեխնիկական թանգարանի դահլիճում Ա. Մյասնիկյանը հանդես է եկել «Հայկական հարցը» թեմայով դասախոսությամբ: Իր դասախոսության մեջ Մյասնիկյանը պարզաբամում է հայկական հանրությանն այդ ժամանակ հուզող հետևյալ հարցերը:
Առաջին. 19-րդ դարի ընթացքում ձևավորված հայ հասարակական մտքի բնութագրությունը:
Երկրորդ. Հայ բնակչության վիճակը Թուրքիայում և այդ կապակցությամբ արևմտյան տերությունների դիվանագիտության նպատակները:
Երրորդ. Հայ իրականության մեջ գործող քաղաքական կուսակցությունների դիրքորոշումը հայկական հարցի վերաբերյալ:
Չորրորդ. Հայկական հարցի վերաբերյալ բոլշևիկյան կուսակցության վերաբերմունքը:
1914 թ. մարտի 18-ին նույն դահլիճում Ա. Մյասնիկյանը հանդես է գալիս դասախոսությամբ նվիրված Հովհաննես Հովհաննիսյանի, Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Ծատուրյանի պոեզիայի հասարակական նշանակությանը:
«ՈՐՔԱՆ ՄՈՒԹ Է ԳԻՇԵՐԸ, ԱՅՆՔԱՆ ՊԱՅԾԱՌ ԵՆ ԱՍՏՂԵՐԸ»
Հայ գրերի գյուտի 1500 և հայկական տպագրության 400-ամյակին նվիրված «Երկու մշակութային տոն» հոդվածում, որը տպագրվել է 1913 թ. նոյեմբերի 26-ին «Մշակ» թերթում, Ա. Մյասնիկյանն ընթերցողի առջև բացում է հայ ժողովրդի մշակութային պատմության ծալքերը և նշում.
«Հայերն էլ հին ազգ են. նրանք ունեն իրենց պատմականորեն զարգացած մշակույթը, որ 1500 տարի սրանից առաջ, հանձին իր հանճարեղ գլուխներից մեկի` Մեսրոպ Մաշտոցի, ստեղծել է հայ գիրը: Այդ երևույթը 5-րդ դարում առաջ է բերել այն ժամանակի հարուստ, բեղուն գրականությունը, գրաբարյան գրականությունը` իր մի շարք տաղանդավոր երկերով և նույնքան տաղանդավոր մատենագիրներով»:
«Բայց նշանակալից է այն հանգամանքը,-շարունակել է Մյասնիկյանը,-որ տառերի գյուտով առաջին անգամ հայ ժողովրդի մեջ ձգվում են Մեծ Քարոզչի եղբայրության ու հավասարության գաղափարները, որոնք համապատասխանում էին ժամանակի տրամադրությանը...Նույն դարում առաջ է մղվում և ժամանակի մտավորականության, որը ներկայացնողը կրոնավորներն են եղել, իդեալը` նրա հասարակական առաքելության հարցը»:
Այստեղ Ա. Մյասնիկյանը հիշատակում է 5-րդ դարի փայլուն ու սրամիտ գրող Եզնիկ Կողբացուն և ընդգծում հետևյալը. «Եզնիկ Կողբացին գտնում է, որ հասարակական գործիչը չպետք է տարվի մարմնական-ընչասիրական ձգտումներով, ասինքն` որ նա պետք է լինի ամենից առաջ հասարակական մարդ, անհատ` տարված հասարակական գաղափարներով: «Ընչասիրությունը կռապաշտության գործակիցն է»,-ասում է Կողբացին: «Կրոնավոր մարմնասերը խոզի նման է»,-որոշում է նա»:
Ա. Մյասնիկյանն անմտություն է համարում գաղափարականություն պահանջել այսօրվա կրոնավորից, որը «անցրել է իր դարը և իր միսիան հանձնել է այլ մտավոր խավերի», որոնցից էլ այժմ պահանջվում է հասարակական գործը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում հայ մտավորականությունը, հարցնում է Ա. Մյասնիկյանը և տալիս է հետևյալ պատասխանը, որն ուզում եմ ամբողջությամբ ներկայացնել մեր ժամանակակից ընթերցողի ուշադրությանը:
«Դա էլ ճահճացած ու այլասերման ճանապարհին կանգնած մի խավ է: Հասարակականի կողքից նա անցնում է միանգամայն անտարբեր կերպով:
Հայ բժիշկը սոսկ բժիշկ է, հայ փաստաբանը լոկ փաստաբան է, հայ ինժեները միմիայն ինժեներ է: Նրանցից ամեն մեկը, նստած իր սենյակում, մտածում է լոկ իր օրվա պարենի, իր անձնական հաճույքների, իր երջանկության մասին:
Դա բուսական կյանք վարող տարր է՝ տարված որկրային բնազդներով, անընդունակ որևէ հասարակական աշխատանքի:
Իսկ հայ վարժապետի մասին չենք խոսում, որովհետև նա ինքն էլ չէ խոսում առհասարակ: Մնում են մի զույգ, մի կենտ հայ գրականագետներ...
Մտավորականության ծիլն ուսանողությունն է: Ի՞նչ է ներկայացնում այսօր հայ ուսանողական սերունդը, որ իր շարքերում հազարներ է հաշվում:
Նա ամենից առաջ շատ անկազմակերպ է, նույնիսկ՝ ավելին: Դա նույնպես անհասարակական տարր է: Ոչ մի լուսավոր էջ ու հուսատու դեմք չունի նա: Հեռավոր նմանություն անգամ չկա նրա և 60-ական ու 70-ական թվականների իդեալիստ ուսանողության միջև, որի տեղը մի քանի տասնյակ է եղել միայն:
Ահա և ժողովուրդը, այդ միակ կենդանի տարրը` շարունակ տարուբերվող իր չար ու բարիով, իր խինդերով ու հեծեծանքներով, ժողովուրդը, որը ծնողն է մշակույթն առաջ մղող ուժերի:
Սակայն այդ ժողովրդի վիճակն այսօր նախանձելի չէ:
Խավարն ու մութն են պատել նրան` բնության խավարը, հասարակական մութը: Տակավին մտավորապես ետ ընկած, տակավին ցիրուցան է այդ ժողովուրդը:
Եվ թվում է, թե մթության ու խավարի մեջ նա կկորչի:
Բայց բանաստեղծն ասել է. «Որքան մութ է գիշերը, այնքան պայծառ են աստղերը» :
Ժողովրդին շրջապատող խավարի միջից փայլում են նրա գլխին աստղերը, և նրանց մեջ խոսքի աստղը, որոնք լուսավորում են սարերի գագաթները:
Ժողովրդին պետք է հանել այդ սարերը, նրանց լուսավորող կատարները:
Խոսքի, լեզվի պայծառ աստղը պետք է որ դուրս բերե ժողովրդին խավարի միջից» (նույն տեղը, էջ 79-80):
Այդ հոդվածում Ա. Մյասնիկյանը մի միտք էլ է արտահայտում, որի կարևորությունն այժմ էլ է զգացվում: «Մինչև այսօր,-գրել է նա,-հին հայ միտքը, գրականությունը քննվել է սոսկ լեզվաբանական ու բանասիրական տեսակետներից. այնտեղ բացակայել է հասարակական ու պատմական ուսումնասիրությունը: Թե չէ մենք շատ բան կիմանայինք, կծանոթանայինք հայ մտքի արժեքավոր երևույթներին: Իսկ նրանք եղել են: Դրան ապացույց` հայոց նոր գրականության հենց առաջին շրջանը` վերածնության էպոխան, որը տվել է, ի թիվս այլոց, և առողջ գաղափարներ ու գրական դեմքեր» (նույն տեղը, էջ 79):
Ա. Մյասնիկյանի հրապարակախոսության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում ազգային հարցի վերաբերյալ գրված աշխատությունները: 1913 թ. նա գրեց «Ազգային հարցի լուծման մասին», իսկ 1914 թ.՝ «Ազգային հարցը մոտիկ անցյալից Ռուսաստանում»:
Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ